«Շեմ» հեռուստաստուդիա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաստուդիան յուրօրինակ լրատվամիջոց է, որը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր առաքելությունը, լուսաբանում է Եկեղեցու գործունեությունը և նպաստում քրիստոնեական մշակույթի տարածմանը, որպես եկեղեցու քրիստոնեական բարոյախոսության տարածող ու ջատագով, հանրությանը հաղորդ է դարձնում Հայ Եկեղեցու հարուստ ժառանգությանն ու ներկա հոգևոր կյանքին:
Ստուդիայի պատմությունն սկսվում է 1995թ-ից, երբ հիմնադրվեց Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ: Առաջին տարիներին ստուդիան պատրաստում էր հոգևոր-եկեղեցական թեմաներով հաղորդումներ, տոների մասին իրազեկող տեսահոլովակներ, որոնք մեծ պատրաստակամությամբ հեռարձակում էին հայաստանյան հեռուստաընկերությունները: Հոգևոր-կրոնական հաղորդումների պահանջարկն այնքան մեծ էր, դրանց ազդեցությունն՝ այնքան տեսանելի, որ հեռուստաստուդիան, աշխատակազմ հավաքելով և տեխնիկապես համալրվելով, մեծացրեց իր արտադրած նյութերի ծավալը և հինգ տարի անց արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես «Շողակաթ» հեռուստաընկերություն: 2002 թ. «Շողակաթը» հեռարձակման արտոնագիր ստացավ և դարձավ օրական 18 ժամ եթեր ունեցող հեռուստաընկերություն: Ավանդական, եկեղեցական հաղորդումների կողքին եթեր հեռարձակվեցին նաև կրթական, մշակութային հաղորդաշարեր: Հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիքը սեփական կանոնադրությամբ իրեն արգելեց հեռարձակել ալկոհոլային խմիչքների, վիճակախաղերի, խաղատների գովազդ, որոնց մեծ մասն այդ տարիներին օրենքով արտոնված էր հայաստանյան հեռուստաեթերում: Սեփական եթերային քաղաքականության շրջանակներում արգելվեց նաև բռնություն ու սարսափ քարոզող հայրենական ու արտասահմանյան ֆիլմերի ցուցադրումը: Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004 թ․ սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումներն սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:
Անկախ Հայաստանում երկու անգամ մշակութային հեռուստաալիք ստեղծելու փորձ էր արվել: Երրորդ փորձը 2010թ-ին էր: Հեռուստատեսության մասին նոր օրենքը Հանրային հեռարձակողի խորհրդին պարտադրեց ստեղծել առանձին Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն: ՀՀ կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերությունը, հաշվի առնելով «Շողակաթ» հեռուստաընկերության փորձը և հանրօգուտ մեդիաարտադրանք ստեղծողի հանրային բարձր հեղինակությունը, առաջարկեց համագործակցության պայմանագիր կնքել և 2011 թ․ հունվարից հանրապետական սփռում ունեցող Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը: Հեռուստաընկերության կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներն ու տարածքը անհատույց տրամադրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության նպատակը քրիստոնեական արժեքների, էթիկայի ու բարոյականության քարոզչությունն էր, հայ և համաշխարհային մշակույթի լուսաբանումը: Այս առաքելությամբ էին պատրաստվում և օրական 24 ժամ հեռարձակվում քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր, գիտահանրամատչելի հաղորդումները, լուսաբանվում ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունները։
Հեռուստաընկերությունն իր եթերում մշտապես կարևորում էր հասարակության կայացմանը նպաստող կրթական, ճանաչողական հաղորդումները և բարձրարժեք երաժշտության տարածումը:
ՀՀ կառավարության 2025թ դեկտեմբերի 25-ի որոշման հետևանքով Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը լուծարվեց և «Շողակաթը» զրկվեց հանրային հեռարձակման հնարավորությունից:
2026թ.-ից Շողակաթ ՀԸ-ը վերակազմավորվեց որպես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռսուստաստուդիա և շարունակեց Հայ առաքելական եկեղեցու գործունեության լուսաբանման, քրիստոնեական մշակույթի ու արժեքների տարածման իր առաքելությունը:
Այժմ հեռուստաստուդիայի տեսաարտադրանքը հեռարձակվում է «Շեմ» հեռուստածրագրով՝ ցանցային օպերատորների միջոցով, ինչպես նաև հասանելի է համացանցային բոլոր հարթակներում:
Facebook , youtube, instagram, telegram
Հասցե` Հայաստան, 0039 Երևան, Հայկ Հովսեփյան 8
Հեռ.` +374-10-420-811
Էլ. փոստ` info@shoghakat.am
Կայքէջ՝ www.shoghakat.am