Մայր Աթոռում Սուրբ Խաչի Երևման տոնին տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում: Պատարագիչը Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն է եղել։ Նրա ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող 7 սարկավագներ:

Վերաօծվել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին


Ուխտավորները Աճարկուտ գյուղի սկզբնամասից շարժվել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Ուխտերթը առաջնորդել է Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը՝ թեմի համայնքներում սպասավորող քահանաների հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ վերաօծվել է 1888թ․ կառուցված եկեղեցին։ Սուրբ Պատարագից հետո կատարվել է Անդաստանի կարգ և օրհնվել աշխարհի չորս կողմերը։

 

Այս տարի Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի


2019 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հավատացյալները Հովհաննավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր Ավետարանից բխող զորությանը: Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Ավետարանը Հովհաննավանք տանելը իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։ Կարմիր Կիրակիին, հավատացյալների երկրպագության համար Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի:

 

Մայր Աթոռում կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ


Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի խաչքար-հուշարձանի մոտ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ:

Մատենագետը պատահաբար հայտնաբերել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի պատմվածքի հերոսն իր պապն է


Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին վիրավորվել է թևից և հայտնվել ֆրանսիացիների նավում:

 

Ապրիլի 24-ի հոգեհանգստի արարողություններին փոխարինել է բարեխոսության կարգը


Հայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս, հավատացյալները խնդրում են Հայոց Ցեղասպանության նահատակների բարեխոսությունը Հայաստանի, հայության, այդ թվում՝ 21-րդ դարում հայրենազրկված արցախահայերի համար: 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, շրջափակումը, բռնի տեղահանությունը ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են՝ 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և մշակութային եղեռնը միջազգային իրավունքում սահմանված է որպես ցեղասպանություն։

 

Արագածոտնի թեմի հոգևորականները Միասնական ժամերգություն են անցկացրել Փարպիի եկեղեցում


Թեմի հոգևոր դասն ու ուխտավորները միասնական աղոթել են հանիրավի ազատազրկվածների՝ հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Եկող ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ժամը 19․00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում:

 

Պաշտպանը միջնորդել է Արշակ Սրբազանի գործը կարճել, որովհետև հանցագործության օբյեկտ չկա


Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործը կարճվի և դադարեցվի Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը: Փաստաբանը պնդել է, որ հանցագործության օբյեկտ գոյություն չունի, Սրբազանը իրեն մեղսագրվող արարք չի գործել: Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները: Դատախազը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Արշակ Սրբազանին կալանավորեն, սակայն դատարանն անփոփոխ է թողել խափանման միջոցը։

 

Կրկնազատիկին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը տեղափոխվել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի


Կրկնազատկին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալները Սուրբ Պատարագի ընթացքում հաղորդակցվել են Շուրիշկանի հրաշագործ Ավետարանից բխող զորությանը: Ավելի քան 25 տարի է Կրկնազատիկին Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորները ավանդույթը անխախտ են պահում:

 

Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մայր Աթոռից տեղափոխվել է Մաստարայի եկեղեցի


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Ավետման տոնի առիթով Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել, որի ավարտին կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Օրհնություն են ստացել նաև սարկավագների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծո Որդին։

 

Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Մեռելոց հիշատակի Սուրբ և անմահ Պատարագ


Այս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցվել է նրանց հիշատակն անմահացնող հուշապատ, որտեղ արձանագրված են նահատակների անունները: