Հայտարարություն․ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում հայկական պատկանելությունը ժխտող հայտարարություններն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ դրսևորված հեգնական վերաբերմունքը։ Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական հոգևոր ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

 

Մեռելոցի պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝ Տիրոջից հայցելով ողորմություն, մեղքերի թողություն և հանգստություն իրենց ննջեցյալների հոգիներին:

 

Ուխտագնացություն դեպի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի


Սեպտեմբերի 6-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ և ԱՄՆ արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի մատուցմամբ Սուրբ Պատարագի մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուխտավոր հայորդիներ։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ և անդաստանի արարողություն։

 

Հայտարարություն՝ Հովհաննավանքի մտահոգիչ երևույթների վերաբերյալ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների ու խնջույքների անցկացումը․ այս իրավիճակը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների հովանավորության հետևանքն է։ Մայր Աթոռը կոչ է անում պատկան պետական մարմիններին վերականգնել զավթյալ եկեղեցիների օրինական կարգավիճակը։

 

Խաչվերաց՝ տարվա վերջին տաղավար տոնը


Սեպտեմբերի 7-ից Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները մեկշաբաթյա պահեցողությամբ կպատրաստվեն Խաչվերացի տոնին, որը կնշվի կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին և հանդիսանում է այս տարվա հինգերորդ ու վերջին տաղավար տոնը, իսկ հաջորդ օրը Մեռելոց է։ Խաչվերացը՝ Խաչի բարձրացման տոնը, նվիրված է Աստվածընկալ Սուրբ Խաչի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի հիշատակին։

 

Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն


Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը, ով ըստ Աստվածաշնչի ուխտի զավակ էր և Հայ Առաքելական Եկեղեցում համարվում է մարդկության գլխավոր բարեխոսը Աստծո առջև։ Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, և օրը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի ու Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է։

 

Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում


Ամեն տարի Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ, և Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Շողակաթ վանքի հոգևոր սպասավոր Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով


Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կրթօջախների սաներին, մանկավարժներին և կրթության բոլոր մշակներին՝ հղելով նրանց Հայրապետական իր սերն ու օրհնությունը։ Ուղերձում Նորին Սրբությունը մաղթել է ուժ ու կորով կրթության գործի նվիրյալներին, եռանդ ու ջանասիրություն՝ աշակերտներին և ուսանողներին, ինչպես նաև հայցել Աստծո օրհնությունն ու պահպանությունը մեր հայրենիքի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար։

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը


Օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ավարտին մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ։ ԳՀԽ-ն խոր ցավ հայտնեց Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության կողմից Հայոց Եկեղեցու հասցեին կրկին դրսևորված անընդունելի վարքագծի առնչությամբ՝ դատապարտելով իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականությունը, անհիմն մեղադրանքներն ու ներեկեղեցական կյանքին միջամտելու փորձերը և վերահաստատելով Եկեղեցու հավատարմությունն իր հոգևոր ու ազգային առաքելությանը։

 

ԱՄՆ Արևմտյան թեմի հայտարարությունը


Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը հայտարարությամբ հանդես է եկել՝ նշելով, որ Թեմական Խորհուրդը և Առաջնորդ Սրբազան հայրն աղոթական սրտով ու հոգևոր խորհրդածությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Թեմը վստահություն է հայտնել, որ ճշմարտությունը պիտի հաղթանակի, և թե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, թե՛ Հայ Եկեղեցու կանոնական իրավունքը բարձր պիտի պահվեն ու հարգվեն։

 

Բրազիլիայի հայոց թեմն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին


Օրերս տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Բրազիլիայի հայոց թեմի Ներկայացուցչական Խորհրդի Ընդհանուր ժողովը՝ թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի տնօրինությամբ և Անդրե Կիսաջիկյանի նախագահությամբ: Մտահոգություն հայտնելով Հայաստանում առկա քաղաքական ու եկեղեցական իրավիճակի վերաբերյալ՝ ժողովականները վերահաստատել են իրենց աջակցությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ ընդգծելով Հայ Եկեղեցու ինքնավարությունն ու արժանապատվությունը հարգելու անհրաժեշտությունը։

Սպահանի Հայոց թեմի զորակցությունը Վեհափառ Հայրապետին


Ազգային առաջնորդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որով աննախադեպ և վտանգավոր է նկատել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելը, քանի որ, ցավոք, այս հարձակումն այսօր գալիս է ոչ թե թշնամուց, այլ հենց ՀՀ ներկա իշխանության կողմից։ Խստորեն դատապարտելով Եկեղեցու ինքնիշխանության և իրավունքների նկատմամբ ոտնձգությունը՝ առաջնորդարանը համոզմունք է հայտնել, որ մեր Եկեղեցին պատվով կանցնի նաև այս փորձությունը։