Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար: Ձեռնադրությունից և օծումից հետո Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

 

Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգը


Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ:

 

ՀԲԸՄ դահլիճում կայացել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը


Նկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների և գեղանկարների «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի ու ժառանգության մասին: Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին: Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու ետնաբակերը, հայկական հնամենի եկեղեցիները ու Իշխանաց կղզու տեսարանները դիտողին տեղափոխում են հին ու նոր Պոլիս:

 

Մայր Տաճարի թանգարանը մասնակցել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին


Մայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը՝ լուսապսակով ու խաչանիշ գավազանով: Նրա կողքին Տրդատ թագավորն է, վերևում՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել: Ներկայացվել են նաև «Դուստր Սուրբ Էջմիածնի» և «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանները։

 

Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերը


Մայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրա


Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը հիվանդներին բժշկելու համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր


Մայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին: Հոգևորականները Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթել են նրանց հոգիների հանգստության համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վերջերս նորոգված Մալաթիայի Հայորդյաց Տուն


Հայոց Հայրապետը օրհնել ու խաչեր է նվիրել հաստատության սաներին և զրուցել նրանց հետ: Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը:

 

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը վիկտորինա է անցկացրել Մալաթիայի Հայորդյաց տանը


Գիտելիքի ստուգատեսին ներկա է եղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Հին և Նոր Կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները սերտել են դրանք կրոնի դասերին:

 

Քրիստոսի Խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի


Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը: Մեծ Հայքի Մոկք նահանգի Ապարան գյուղից է Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր հանգրվանը գտել Մայր Աթոռի գանձատանը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո՝ հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդակցվելու մասունքից բխող զորությանը։

 

Հայկական մանրանկարչությունը ժամանակակից մատուցմամբ. հանդիպում-զրույց «Ֆենիքս» գրախանութում


Հանդիպման առանցքում «Տեառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան: Առաջիկայում շարքը կհամալրվի նաև Սուրբ Հարության թեմայով մանրանկարչական փազլով: